Մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը. Փաշինյան

Մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը. Փաշինյան

Կարևոր եմ համարում, որ մենք կոմունիկացիաների բացման թեման պահենք մեր ուշադրության կենտրոնում՝ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միանշանակ կասկած հայտնելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար:

«Ուզում եմ արձանագրենք, որ մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականացմանը, որովհետև մեր համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, օր առաջ երկաթուղային կապ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային տրանզիտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս և ամենուր»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի տնտեսական հզորացման գործում շատ մեծ դեր են ունեցել նավթը, գազը, նավթամթերքը, բայց վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Հայաստանը տիրապետում է 21-րդ դարի երկու «նավթի» հսկայական պաշարների՝ մեկը պղինձն է, մյուսը՝ ջուրը, և մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանող երկիր, և սա ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ:

«Ներդրումային միջավայրի այս կարգի մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը: 2018 թվականից սկսել ենք ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ուսումնասիրությունը, մյուս կողմից՝ Հայաստանը ոռոգման և խմելու ջրի կուտակման մեծ ծրագիր պետք է իրականացնի, և այս երկու հենքի վրա պետք է հիմնված լինի մեր տնտեսությունը»,- ասաց վարչապետը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial