Որևէ երկրի անվտանգությունը երբեք չպետք է կառուցվի ուրիշների հաշվին. բոլոր երկրների անվտանգային շահերը պետք է հավասար լինեն: Այդ մասին «Չինական մեդիա ընկերության» հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«1991 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա կառավարությունը մեզ ասաց, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։ Սակայն այդ ժամանակից ի վեր ՆԱՏՕ-ն ընդլայնվել է հինգ անգամ։ Այդ բոլոր խոստումները դատարկ խոսքեր էին»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ ժամանակին ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն կար, սակայն ԱՄՆ նոր վարչակազմն անտեսել է նախկինում ստորագրված փաստաթղթերը: Պուտինի խոսքով՝ Մոսկվան երբեք դեմ չի եղել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, սակայն ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ապահովի նաև Ռուսաստանի անվտանգային շահերը:
«Մենք տեղյակ ենք մեր չինացի ընկերների առաջարկների մասին և բարձր ենք գնահատում դրանք։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկները գործնական մեծ նշանակություն ունեն և կարող են հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար։ Բայց ցավալի է, որ մյուս կողմը չի ցանկանում որևէ բանակցություն վարել», — ասել է Կրեմլի ղեկավարը:
Նա անդրադարձել է նաև տնտեսական հարցերին, նշել, որ Ռուսաստանը ձգտում է ուժեղացնել Եվրասիական տնտեսական միության կապերը Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ: Պուտինն ընդգծել է, որ երկու նախաձեռնություններն էլ առաջնահերթություն են տալիս Եվրասիայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությանը: