Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։
Այս մասին ասված է Նոյեմբերյան համայնքի հայտարարության մեջ․
«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։
Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։
Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»,- ասված է հայտարարության մեջ։