Ցավում եմ, որ ապրիլի 24-ին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին խոսելուց մեկ նախադասությամբ անդրադարձ չի կատարվել Հայոց Ցեղասպանությանը։ Այս մասին, անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահի հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում ուղարկելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ հարցումը դեռևս չի ստացել։
«Թող գա նամակը, հասկանանք՝ ինչ են գրել, ինչ չեն գրել։ Համաժողովի անվանումը եղել է Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա։ Ես անօրինական բառը իջեցրել եմ, որ հանկարծ իրենց հույզերի հետ չխաղամ։ Իմ ելույթի մեջ որևէ բան չկար, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին, իրենց արված հայտարարություններին ու իրենց կողմից ստորագրված պայմանագրերին։ Ի՞նչ նոր բան եմ ասել, Հայաստանը չի ճանաչո՞ւմ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի՞նչն եմ նոր ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել։
Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան էլ չի ճանաչել, Թուրքիան հատուկ ասել է, որ Ղրիմը չի ճանաչում։ Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ։ Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք չեն ընակում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ճանաչում է բոլոր հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը։
Ավելի վաղ, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում, Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
«Ցանկանում եմ գործընկերոջս՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման բնույթի սյուժեներ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Մենք չենք կարող անտեսել այս կարգի ռուսատյաց ելույթները…
Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան` պարզելու, թե ում անունից է նա խոսել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։
Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ-ն խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման բաներ խոսել Հայաստանի անունից, և նաև գնահատական կտա կատարվածին»։
«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսատյաց, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։