Միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ ելույթ ունենալով «Ցեղասպանությունը և Առաջին աշխարհամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով համաժողովի ժամանակ:
«44-օրյա պատերազմի ընթացքում լավագույն դեպքում չեզոքություն ենք նկատել, վատագույն դեպքում՝ տարրական անտարբերություն, երբ ոչնչացնում էին քաղաքներ և գյուղեր և արգելված զինամթերքներ էին կիրառում: Միջազգային հանրությունը լռություն է պահպանել՝ ի պատասխան այդ գործողությունների»,- ասել է հայ դիվանագետը՝ ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է ՌԴ-ում հայերի միությունը՝ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ:
Միևնույն ժամանակ Տողանյանը համեմատականներ է տարել Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին «առաջադեմ» միջազգային հանրության արձագանքի և Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ արևմտյան հասարակության վարքի միջև, որի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառվում մեկ անհատի շահերից ելնելով, սակայն երբ ոչնչացնում են ամբողջական քաղաք՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, միջազգային հանրությունը լռում է և պասիվ հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկում»,- արձանագրել է դեսպանը:
Անդրադառնալով 100-ամյա իրադարձություններին՝ դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն այսօր պետք է իր քաղաքականությունը կառուցի տարածաշրջանում՝ հաշվի առնելով անցյալի դասերը: Սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, գործնականում չեն փոխվել, քանի որ 100 տարի առաջ հայերի դեմ ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այսօր չի հրաժարվել իր ռազմավարական շահերից»,- կարծիք է հայտնել Տողանյանը:
«Մեզ համար այսօր շատ կարևոր է վերլուծել պատճառահետևանքային կապը և հասկանալ՝ ինչու է հնարավոր դարձել մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը: Ե՛վ Հայոց ցեղասպանությունը, և՛ Մոսկովյան ու Կարսյան պայմանագրերը եղել են գերտերությունների շահերի բախման արդյունքն Առաջին աշխարհամարտի ժամանակ և դրանից հետո»,- հավելել է դիվանագետը: