Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում: Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որոշմամբ ներդրվում է պարզեցված ընթացակարգ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում: Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, որից հետո ստանան:
«Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում՝ բուժումը ավարտելուց հետո երեք ամիս ժամկետով, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում սայլակների և քայլակների անհրաժեշտություն կա»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը։ Նախարարի խոսքով՝ ներկայացված ընթացակարգի, գործընթացն իրականացվում է կա՛մ բուժհաստատություններում, կա՛մ բնակության վայրերում:
Կարևորելով ընդունված որոշոմը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսինքն՝ տվյալ դեպքում ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում և տեղում կարիքները գնահատում»։