Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են գրանցվել Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։ Աղբյուրի համաձայն՝ Մոսկվան կողմերին հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանման անհապաղ պահանջ է ներկայացվել:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:
Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։