Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Քրեական հետապնդումը դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն առարկել էին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։-