Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները կպատասխանեն Ռուսաստանից «կառչած» արևմտյան երկրների սադրանքներին, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Meduza-ն:
«Ռուսաստանի դեմ անբարյացակամ գործողությունները չեն դադարում: Որոշ երկրներում ներդրվել է տհաճ սովորույթ, այն է՝ ցանկացած պատճառով, և առավել հաճախ՝ առանց պատճառի, Ռուսաստանից «կառչել»: Կարծես, սպորտի մի տեսակ է: Նոր սպորտաձև, թե ով ավելի բարձր ինչ-որ բան կասի: Այս առումով մենք մեզ պահում ենք առավելագույն զսպված: Կարող ենք ասել, ուղղակիորեն առանց հեգնանքի, համեստ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչների հետ, բայց տեսնում ենք, թե ինչ է կատարվում իրական կյանքում: Ինչպես նշել եմ, նրանք առանց պատճառի այստեղ-այնտեղ կառչում են Ռուսաստանից: Եվ, իհարկե, անմիջապես նրանց շուրջը …Շերխանի (Մաուգլիի մասին պատմվածքից հայտնի վագրը, որը ցանկանում էր ուտել տղային-Խմբ.) շուրջը պտտվում են ամեն տեսակ մանր-մունր Տաբակներ (նույն պատմվածքից հայտնի շնագայլը-Խմբ.): Ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես Քիփլինգի մոտ: Քիփլինգը մեծ գրող է»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը պարզաբանել է նաև, որ իրենք իսկապես ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության հետ, այդ թվում նաև նրանց, որոնց հետ հարաբերությունները վերջերս, մեղմ ասած, չեն զարգանում:
«Մենք իսկապես չենք ցանկանում կամուրջներ այրել, բայց եթե ինչ-որ մեկը մեր բարի մտադրություններն ընկալում է որպես անտարբերություն կամ թուլություն, և մտադիր է վերջնականապես այրել կամ նույնիսկ պայթեցնել այդ կամուրջները, ապա նա պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի ասիմետրիկ, արագ և կոշտ: Ցանկացած սադրանքի կազմակերպիչները, որոնք սպառնում են մեր անվտանգության հիմնարար շահերին, կզղջան իրենց արածի համար այնպես, ինչպես երբեք»,- հավելել է Պուտինը: