Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի պոկվելու և ընկնելու հետևանքով մահացել են Հայաստանի 2 քաղաքացիներ:
Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մեծ Յակիմանկա փողոցում գտնվող հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով երկու տղամարդու մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Մոսկվայի դատախազության Telegram-ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում։ Նախնական տեղեկություններով՝ 30 և 32 տարեկան աշխատողները մահացել են վերելակի խցիկի ընկնելու հետևանքով վերելակների սարքավորումների վերանորոգման ժամանակ։
«Ստուգման ընթացքում դատախազները կպարզեն դեպքի բոլոր հանգամանքները և հիմքերի առկայության դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մահացածները Հայաստանի քաղաքացիներ են, աշխատել են կապալառու կազմակերպությունում։
Նշվում է, որ հյուրանոցի այդ վերելակը նախատեսված էր անձնակազմի համար։ Վերելակի ընկնելու պահին աշխատող տղամարդկանցից մեկը հենց խցիկում է եղել, մյուսը՝ վերևում։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը):
«Պրեզիդենտ-հոթելը» Մոսկվայի խոշորագույն հյուրանոցներից մեկն է, գտնվում է Մեծ Յակիմանկա փողոցում։ Հյուրանոցում պարբերաբար անցկացվում են միջազգային համաժողովներ, կոնֆերանսներ։