«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայիս քաղաքական, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:
Վարդանյանը հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները ստիպված են ընտրել քաղաքական գործիչների շրջանում նրանց, ովքեր իրենց մեջ նվազագույն մերժում են առաջացնում:
«Սա շատ վտանգավոր պահ է, երբ ընտրում ես ոչ թե դրական օրակարգով, այլ հաշվի առնելով, որ չլինի մեկը կամ մյուսը: Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է՝ ընտրել իր համար առաջնորդներ: Բայց հարցն այն է, որ պետք է լինի այլընտրանք, որը մարդիկ պետք է զգան և տեսնեն, որ կա ոչ միայն մեկը, այլ մյուսը», — ասել է Վարդանյանը:
Գործարարի խոսքով՝ Հայաստանում անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան: «Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ լուռ, ոչ այնքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանում հայկական սփյուռքից՝ РБК): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ մարդկանց հաշվով ավելի շատ փող է ստացվում՝ հաշվի առնելով, որ շատ մարդիկ են հեռացել: Դա կլինի, կասեի, Աբխազիայի նման երկիր», — ենթադրում է Վարդանյանը:
Գործարարը նման սցենարն անվանել է «բացարձակ իրատեսական», քանի որ, իր տվյալների համաձայն, այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, և ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունն այժմ 3 միլիոն մարդուց մի փոքր պակաս է: «Այդ մարդիկ քվեարկում են ոտքերով: Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները հաջողության կհասնեն այս երկրում», — ասել է նա:
Վարդանյանի խոսքով՝ այս սցենարում երկրում կմնան պասիվ մարդիկ: Նրանք վատ կապրեն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչից գոհ կլինեն: «Դրան (դրսից եկող փողեր՝ РБК) սովորում ես: Դա նման է թմրանյութի: Եկամուտ՝ այստեղ քեզ պետությունը չի տալիս, այլ հարազատները», — նշել է նա: