Տոկունություն ասելիս սովորաբար մասնագետները նկատի են ունենում մարմնի՝ մկանային ամբոջ ապարատի մասնակցությամբ չափավոր ինտենսիվության երկարատև ֆիզիկական ակտիվությանը դիմանալու կարողությունը։ Նման ծանրաբեռնվածության դեպքում առողջությունը պահպանելու համար սննդակարգը պետք է հարուստ լինի սննդամթերքի այնպիսի տեսակներով, որոնք կարող են արագ վերականգնել էներգիայի պաշարները։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ումա Ռաջբովան։
«Ֆիզիկական տոկունությունը բարձրացնող սննդամթերքի տեսակների շարքին է դասվում ճարպերով հարուստ սնունդը, քանի որ տևական և ինտենսիվ ծանրաբեռնվածության դեպքում հենց ճարպերն են պատասխանատվություն կրում մարմնին էներգիայով ապահովելու և դրա աշխատունակությունն ու վերականգնվելու կարողությունը պահպանելու համար: Օգտակար ճարպերը մենք կարող ենք ստանալ ինչպես բուսական ծագման մթերքից (ձիթայուղ, ավոկադո, ընկույզ), այնպես էլ կենդանական ծագման (յուղոտ ձկնատեսակներ)», — նշել է սննդաբանը։:
Փորձագետի խոսքով՝ ոչ պակաս կարևոր դեր են խաղում նաև ածխաջրերը, որոնք կարճ ժամանակով էներգիա են հաղորդում օրգանիզմին, ինչն էլ ուղղակիորեն ծախսվում է մկանների աշխատանքի վրա:
«Սննդակարգում անհրաժեշտ է անպայման ներառել հացահատիկներ, որոնք պետք է հիմք հանդիսանան ածխաջրային սննդակարգի համար (քինոա, բրինձ, բլղուր, վարսակ, հնդկաձավար) և, իհարկե, մրգեր, հատապտուղներ ու բանջարեղեն», — հավելել է նա։
Բացի այդ, դիմացկունությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելիս հարկավոր է հիշել նաև դյուրամարս սպիտակուցների ու ամինաթթուների մասին, որոնք օգնում են վերականգնել մկանները տևական ծանրաբեռնվածությունից հետո։