Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանները հույս են հայտնել, որ աղջիկների նոր՝ տուժողի կարգավիճակը հոր կողմից սեռական բռնության և ծեծի ենթարկվելու մասին գործով թույլ կտա նրանց խուսափել քրեական հետապնդումից: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին: Ինչպես փաստաբանները հայտնել են, այդ գործով իրենց պաշտպանյալները տուժողներ են համարվում:
Այժմ Խաչատուրյանի գործով նախատեսվում է լիարժեք նախաքննություն իրականացնել, որի ընթացքում քննությունն ապացույցներ կհավաքի նրա կողմից իրականացված հանցագործության վերաբերյալ: Նախաքննության ավարտին գործը կուղարկվի դատարան:
«Եթե Միխայիլի դեմ քրեական գործը հասնի դատարան, և նրան մեղավոր ճանաչեն աղջիկների դեմ հանցագործություններ կատարելու համար, ապա մենք կստանանք հերթական, անհերքելի ապացույցը, որ Խաչատուրյան քույրերը գտնվել են անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում», — ասել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին քննությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել Խաչատուրյանի դեմ՝ պայմանավորված նրա մահվամբ: Դեկտեմբերին Մոսկվայի Բասմանյան դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել: Քննության ընթացքում ստացված նյութերի համաձայն՝ 2014 թվականի նոյեմբերից, ինչպես նաև մոր բացակայությամբ համատեղ բնակության ողջ ընթացքում Խաչատուրյանը կոշտ վերաբերմունքի է արժանացրել դուստրերին, պարբերաբար նրանց ծեծի է ենթարկել, սպառնացել է և ստիպել սեռական բնույթի գործողություններ անել: Միխայիլ Խաչատուրյանին իր բնակարանում սպանված են գտել 2018 թվականի հուլիսի 27-ին: