Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Փաշինյանը շնորհավորել է ՌԴ փոխվարչապետին Ամանորի կապակցությամբ և կարևորել նրա այցը հայ-ռուսական փոխգործակցության, Արցախում իրավիճակը քննարկելու համատեքստում:
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը և Ռուսաստանի կառուցողական դերակատարումը Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Ռուսաստանի փոխվարչապետը ևս շնորհավորել է ՀՀ վարչապետին տոների կապակցությամբ և փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Ռուսաստանը վերահաստատում է իր աջակցությունը բարեկամ հայ ժողովրդին այս բարդ ժամանակահատվածում և շահագրգռված է շարունակելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերը:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը:
ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը: