Արցախի պետական մարմինները զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին, տեղադրվելու է ադրբեջանական պետական դրոշ: Հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:
Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի՝ Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:
Սիրելի΄ արցախցիներ, Արցախի Հանրապետության իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է՝ կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները: Ըստ այդմ՝ կոչ եմ անում, տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել, և արվում է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»,-նշված է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ: