Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սաշա Սարգսյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Տարածքը պարեկները սահմանազատել են, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քանի որ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Վրաերթի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: