Տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել. Բայրամով

Տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել. Բայրամով

Մարտի 15-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև առկա տարածաշրջանային համագործակցությունը, հիմնված պատմական բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների վրա, հենվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Նա նշել է, որ երեք երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաև տարբեր պետական կառույցների միջև հարաբերությունները նպաստում են համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային հարթակներում: Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ համագործակցության օրակարգի առկայությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում։

Բայրամովը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի մանրամասները։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել: Միաժամանակ Բայրամովը կրկին պնդել է, թե իբր Հայաստանում կա ռևանշիստական հռետորաբանությունը, և միջազգային հանրությունը չպետք է խրախուսի այն, այլ՝ աջակցի երկկողմ ուղիղ բանակցություններին՝ որպես կարգավորման գործընթացի մաս։

Հանդիպմանը քննարկվել են երեք երկրների բազմակողմ համագործակցության ընթացիկ օրակարգից բխող հարցեր, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և երկկողմ ու բազմակողմ այլ հարցեր։ Եռակողմ հանդիպման ավարտին ստորագրվել է Բաքվի հռչակագիրը, իսկ նախարարները հանդես են եկել հայտարարություններով։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial