ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան լայվում անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերի ոտնձգություններին.
«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,-ասաց Փաշինյանը:
Գործողությունների հետևանքով Արցախի պաշպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է: Վարչապետի խոսքով՝ տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: «Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այդ պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,-ասաց նա: