«ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է․ «Գիշերը մնացել էի Գյումրիում և առավոտյան ժամը 10-ի մոտ որոշեցի սուրճ խմել: Մոտ 30 րոպե լինելով սրճարանում ականատես եղա հետևյալին. մի սև Նիվա (համարները կհայտնեմ տեղի ոստիկանությանը, որ բացատրական աշխատանք տանեն կոնկրետ վարորդի հետ) գերբարձր երաժշտությունը միացրած վիրաժներ էր անում Գյումրիի կենտրոնական բոլոր փողոցներով՝ նորից ու նորից մի քանի անգամ անցնելով նույն տեղերով:Այս դեպքի առանձնահատկությունը այն էր, որ առավոտյան էր տեղի ունենում, այն էլ կիրակի օրը, երբ թե՜ բնակիչները, թե՜ քաղաքի հյուրերը սովորաբար ավելի ուշ են զարթնում, սակայն երեկոյան ժամերին նման դեպքերը բազմաթիվ են։Հիմա խոսքս ուղղում եմ նման վարքագիծ դրսևորող մեր հարգարժան բոլոր վարորդներին։Հարգելիներս, հատկապես սև նիվայի մեծարգո վարորդ, այդպե՞ս եք փորձում զբոսաշրջիկներին համոզել այցելել Գյումրի կամ այլ քաղաքներ։ Ցանկանու՞մ եք, որ Գյումրի այցից նրանք հիշեն ձեր սև նիվայի ականջ ցավացնող երգերը, որ վստահաբար դրական էմոցիաներ չեն առաջացրել նրանց մոտ, այլ զզվանք ու զայրութ, թե ուզում եք հիշեն գեղեցիկ շենքերը, համեղ սնունդը, Գյումրու մեծերին, հարուստ մշակույթը, հյուրընկալությունը։ Ուզու՞մ եք իրենց երկրներ վերադառնալիս բոլորին ասեն, որ չարժի այցելել Հայաստան, քանի որ կան ձեր պես սև նիվաների վարորդներ, որոնք խաթարում են զբոսաշրջային ու հաճելի միջավայրը, թե ուզում եք, որ խորհուրդ տան բոլորին այցելել և վայելել այն ամենը, ինչը վերևում նշեցի։ Արդյո՞ք անպայման պետք է նման հարցերը լուծվեն վարչարարությամբ, տուգանքներով և պատիժներով, թե ի վերջո մենք մեզ կտանք վերոգրյալ հարցերը ու կդառնանք ավելի բարեկիրթ և հյուրընկալ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ մեր հյուրերի նկատմամբ»։