Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ տեղափոխված տուժածը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը՝ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 23-ի երեկոյան: «Տուժածը ստացել է համապատասխան պատվաստանյութը, բայց դեռ ունի վերջույթի այտուցվածություն: Նրա բուժումը այս պահին էլ շարունակվում է»,-«Արմենպրես»-ին նշեց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժշկ Արմեն Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի Շիրակի մարզի մասնագետները՝ օձը եղել է տափաստանային իժ տեսակի: «Տուժածի հետագա բուժման կազմակերպման նպատակով մեզ դիմել էին «Գյումրի» կենտրոնից: Ի դեպ, տուժածի հարազատները կարողացել էին բռնել օձին, ինչի շնորհիվ էլ պարզել ենք դրա տեսակը: Տափաստանային իժ Շիրակի մարզի տարածքում թեև հանդիպում է, սակայն սա նմանատիպ տեսակի առաջին խայթոցի դեպքն է»,-նշեց ՃԿ Շիրակի մարզային կենտրոնի պետ Մարտին Մկոյանը՝ վստահեցնելով, որ օձը վնասազերծված է և տեղափոխված անվտանգ տարածք։