Ֆիլիպ Կիրկորովը երգչուհի, դերասանուհի Նատալյա Գորդիենկոյի հետ կներկայացնի Մոլդովան «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցությում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կիրկորովը տեղեկացրել է «Ինստագրամի» պաշտոնական էջում:
«Այո՛: Արդեն պաշտոնապես: Նատալյա Գորդիենկոյի հետ գնում ենք նվաճելու «Եվրատեսիլ 2021»-ը»,- նշել է Կիրկորովը:
Նա տեղեկացրել է, որ իրենց միջազգային թիմը «քաղցր» պրեմիերա է պատրաստում:
«Շուտով կներկայացնենք նոր երգը: Վստահ եմ, որ կզարմացնենք ձեզ»,- շեշտել է երգիչը:
Ավելի վաղ «Եվրատեսիլի» մեկնաբան, դերասան և կատակերգակ Գրեմ Նորթոնը հավաստիացրել էր, որ «Եվրատեսիլ-2021»-ը կանցկացվի ավանդական ձևաչափով:
Մրցույթի շրջանակում տարբեր երկրների երաժիշտները կպայքարեն առաջին տեղի համար: Մրցույթի կազմակերպիչները ելույթների ձայնագրության կիրառման հնարավորություն կստեղծեն, եթե մասնակիցները չկարողանան մեկնել Ռոտերդամ կամ ստիպված լինեն կարանտինում լինել այնտեղ հասնելուն պես: Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն:
Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցկացվի 20 հազար հանդիսատես ունեցող համերգասրահում»:
2020 թվականի սեպտեմբերին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները 2021-ին անցկացվող մրցույթի չորս սցենար են առաջարկել՝ ընդգծելով, որ մրցույթի ձևաչափը կախված կլինի աշխարհում հակահամաճարակային իրավիճակից: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին:
«Եվրատեսիլ-2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով: 2020-ին մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը: