Լաչինի միջանցքի սահմանափակումները և ամբողջական շրջափակումը, որը կապում է Հայաստանը ԼՂ-ի հետ, ավելի քան մեկ ամիս է արդեն մարդասիրական ճգնաժամ է առաջացրել։ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանն աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ վիճակը հիմնավորվել, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում գազամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, ջրային պաշարների չորացումը, սպառումը, դժվարությունները, որոնք կրում է բնակչությունը սերմացու ճարելու հարցում, վառելիքի անբավարարությունը խափանում են գյուղատնտեսական աշխատանքը, իրավիճակը հասցնում են մարդասիրական ճգնաժամի։
«Ֆրանսիան դատապարտում է մարդասիարկան օգնության ուղեբեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանություններն ուղարկել էին հուլիսին, որպեսզի այս իրավիճակի հետևանքները վերացնեին։ Նույնը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որով խախտվում են միջազգային իրավունքի սկզբունքները. դա անընդունելի է։ Հաշվի առնելով մարդասիրական իրավիճակի ծանությունը՝ Ֆրանսիան կոչ է անում որպեսզի անվերապահորեն և անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը»,- նշեց նա։
Բրոդհերսթն ասաց. «Ֆրանսիան այսօր կոչ է անում Ադրբեջանին կատարելու իր միջազգային պարտավորությունները և ի կատար ածելու այն միջոցները, որոնք մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանը։ Հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան ողջունում է ԿԽՄԿ աշխատանքը տեղում և վերահաստատում է իր աջակցությունը ԿԽՄԿ-ին։ Ֆրանսիան կոչ է անում որպեսզի անմիջապես առանց խոչընդոտների միջազգային մարդասիրական կազմակերպությունները և ՄԱԿ կառույցները հնաավորություն ունենան աշխատելու տեղի բնակչության հետ և աշխատեն Լաչինի միջանցքով»։
Նա ընդգծեց, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում մնայուն և արդար խաղաղության օրակարգին տարածաշրջանում։ «Այս առումով Ֆրանսիան կոչ է անում որպեսզի վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը. այդ թվում ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը։ Այդպիսի լուծումը հնարավոր է միայն երկխոսությամբ՝ բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրում։ ԵՄ -ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի աջակցել երկխոսության ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև. լիովին աջակցում ենք և մասնակցում ենք միջնորդական ջանքերին որոնք առաջնորդում է ԵՄ-ը։ Մենք կաջակցենք, որ բոլոր քննարկվող թեմաների ուղղությամբ առաջընթաց լինի. այդ թվում նաև Խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի, սահմանագծման, մարդասիրական հարցերի և հաղորդակցության ուղիների բացման հարցերով։ Ֆրանսիան պատրաստակամ է և պատրաստ է շարունակել այս խնդիրների ուղղությամբ աշխատել և օգնել կողմերին և բոլոր մասնակիցներին»,- ասաց Նատալի Բրոդհերսթը։