Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ վերջինս Նոր Հաճն քաղաքի 31-ամյա բնակիչ Գևորգ Բ.-ն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածը «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, Նոր Հաճնի 32-ամյա բնակիչ Նարեկ Ա.-ն է:
Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել տուժածներին:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: