3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ՔԿ նախագահի մամուլի քարտուղար

3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ՔԿ նախագահի մամուլի քարտուղար

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
«Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):
Վերջինս ձերբակալվել է»,- գրել է նա:
Ավելի  ուշ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հաստատեցին, որ ձերբակալվածը հայրն է:
Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․-  (ծնված 2022 թ․) դին։

Նշանակվել էին փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial