Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին՝ նշելով, որ «ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թող չմոռանան պատերազմի մասին։ Այդ ուղևորություններին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա»,-հայտարարել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվելու են, ինչի՞ համար են նման սադրիչ այցերը։ Այդ պատճառով բոլոր ուղևորություններին պետք է վերջ դրվի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չեն կարող Լեռնային Ղարաբաղ մեկնել առանց Ադրբեջանի թույլտվության»:
Նա սպառնացել է՝ նշելով, որ եթե նման ուղևորությունները կրկնվեն, ապա պատասխանը շատ կոշտ կլինի։