Արցախի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծ:
Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: Նախագծով նախատեսվող լրացումը նպատակ ունի որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահել նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին, որոնք իրենց ամբողջ ծառայության ընթացքում շուրջ երկու տարի առնչվել են զենքի հետ, օգտագործել այն և գիտեն դրա հետ վարման կանոնները: Կատարվող լրացման արդյունքում որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին:
Նախագծի հեղինակները հիմնավորումներում նշում են նաև, որ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և արդյունքում կնքված եռակողմ հայտարարության հետևանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր: Գտնվելով դեռևս չկարգավորված հակամարտության մեջ և պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որպեսզի Արցախի Հանրապետությունում քաղաքացիները ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն:
Օրենքում փոփոխությունները պայմանավորված են վերոնշյալ անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու քաղաքացիների ինքնապաշտպանության միջոցների շրջանակները, առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելու զենք կրելու թույլտվությունը և դյուրացնելու դրա հետ կապված ընթացակարգերը:
«Զենքի մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանում հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու հարցում, մասնավորապես որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար սահմանվում է ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը:
Օրենքի այս պահանջը չի համապատասխանում հետպատերազմյան իրողություններին ու հանրային կարիքներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը օրենքով իրավասություն ունենա սահմանելու ոչ միայն հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, այլ նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը:
Նախագծով առաջարկվում է նաև վերացնել զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը՝ հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում: Առաջարկվում է նաև գործող օրենքում սահմանված երեք ակոսափող զենք ձեռք բերելու փոխարեն քաղաքացիներին թույլատրել ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք: Նախագծով առաջարկվում է սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի ոստիկանությունում, այլ ոստիկանությունում կամ Արցախի կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, քանի որ զենքերը հիմնականում ձեռք են բերվում մասնավոր կազմակերպություններից, և նպատակահարմար է, որպեսզի այդ կազմակերպությունները ևս արտոնագրվեն՝ ստուգում իրականացնելու տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ:
Օրենքի ընդունման պարագայում ակնկալվում է ԱՀ քաղաքացիների անվտանգության և ինքնապաշտպանության մակարդակի բարձրացում, զենքի հետ վարվելու կանոնների իմացության կատարելագործում և Կառավարության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվության հստակ սահմանում: