ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այս պահին դեռ չի կարող ասել՝ առաջիկա ընտրություններում կհայտնվի «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Իմ քայլի» շարքերում, թե ոչ:
«Այդպիսի խոսակցություններ չեմ ունեցել, այդպիսի հարցերի չեմ պատասխանել»,- հոկտեմբերի 26-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Ցոլակյանը:
Անդրադառնալով խորհրդարանը ցրելու թեմային` նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը կա։
«Ինչքան շուտ, այնքան լավ։ Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ դա շատ մեծ վնասներ կարող է բերել իր հետ: Ոչ մի բան չի փոխվում՝ ովքեր ունեն, այսպես ասած, ռեյտինգ, նրանք հիմա էլ ունեն, մայիսն էլ ունեն, հուլիսին էլ ունեն, ոչ մի բան չի փոխվելու մեր կյանքում։ Դրանք պատճառաբանություններ են, և դրանց հետ ես համաձայն չեմ»,- ասաց Ցոլակյանը։
Նա խոսեց նաև, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի մասին։
«Զարգացած երկրներ շատ կան, որտեղ կա ռեյտինգային ընտրակարգ, բայց այնտեղ չկան այն բացասական երևույթները, որոնց մասին խոսում ենք։ Այստեղ այդ երևույթների հարցն է, դրանք չպետք է լինեն, բայց ինչքանով ենք համոզված, որ դրանք չեն լինի ռեյտինգայինի դեպքում։ Չեմ կարծում, որ ռեյտինգայինի մնալու դեպքում էլ ռեյտինգայինով ընտրված պատգամավորները կարող են նույն ձևով գործարքների մեջ մտնել և նորից ընտրվել։ Դա ես բացառում եմ, որովհետև մարդիկ այսօր փոխված են, մտածողություն է փոխված, չեն գնալու այդ քայլին»,- ասաց նա։
Ցոլակյանը վստահեցրեց, որ թաղային հեղինակությունները չեն կարողանա դերակատարություն ունենալ։
«Ինչ-որ բան կարող է մեկը մի քիչ փախցնի, մի քիչ տանի, այսպիսի բաներ հնարավոր են, բայց բացառվում է, որ կրկնվի այն, ինչ եղել է»,- շեշտեց Ցոլակյանը։
Նախարարի պաշտոնակատարը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հարցազրույցին, որտեղ նա, խոսելով իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիա լինել —չլինելու մասին, անդրադարձել էր նաև Ցոլակյանին։
«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում, ես որևէ գործարքի մեջ չկամ»։,- ասաց Ցոլակյանը։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահն օրեր առաջ խոսել էր իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին՝ հայտարարելով, որ այսօրվա իշխանությունների պատկերացումներն ավելի քան հեռու են իրականությունից, ապա հավելել. «Թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին ամենից գայթակղիչ պաշտոնները զբաղեցնելով` այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցել է, թե ոչ: Չեն եղել նման հարաբերությունների մեջ»: Ցոլակյանը այդ տարիներին աշխատել է հարկային ծառայության պետ:
Անդրադառնալով իր քայլերի հետ կապված ՀՀԿ-ական գործընկերների արձագանքին` Ցոլակյանն ասաց․ «Հասկացող մարդիկ ճիշտ են գնահատել, մյուսները ոնց ուզում են, թող մտածեն, իրենց գործն է, ես արդեն ասելիք չունեմ։ Ես գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, սխալ չեմ թույլ տվել»։
Խոսելով նախարարի պաշտոնի մասին` Ցոլակյանն ասաց. «Հարմարվում եմ, դեռ չեմ հարմարվել»:
Հիշեցնենք` ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 5-ին դիմել էր ԱԺ նախագահին` հայտնելով, որ դադարեցնում է իր պատգամավորական լիազորությունները:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նախկին անդամ Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին և 8-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչից հետո խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել:
Նյութի աղբյուրը՝ SputnikArmenia: