Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարիներ առաջ առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում եթե Հայաստանը համաձայներ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ալիևի հետ բանակցություններից հետո «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես, իհարկե, երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե այդ հակամարտությունը կարգավորելու համար (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Հեյդարովիչն ինչ է առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին։ Այդ առաջարկներից մեկը հետևյալն էր․ «Լսի՛ր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, որ ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև բարձրացնել Հայաստանը։ Ես նույնիսկ չեմ նշի այն գումարի չափը, որը միանգամից պատրաստ եմ վճարել: Փոխանցիր նրանց, որ խաղաղ ճանապարհով կարգավորեն այդ հարցը»,- ասել Է Լուկաշենկոն Ալիևի հետ իր զրույցի մասին։
Լուկաշենկոն չի հստակեցրել՝ կոնկրետ երբ է կայացել Ալիևի հետ այդ զրույցը, սակայն նշել է՝ զրույցը տեղի է ունեցել նախքան Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը։
«Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, նախքան Փաշինյանը, հրաժարվել է այդ առաջարկից»,-հայտարարել է նա։
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ առաջին անգամ է հրապարակավ պատմում այդ խոսակցության մասին։
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիևի հետ։