Ռուսաստանը մինչև մայիսի վերջը կավարտի Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ընթացակարգերը՝ պահպանելով ստատուս-քվոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վիեննայի բանակցություններում (նվիրված էր ռազմական անվտանգության և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերին) ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը՝ հանդես գալով Բաց երկնքի հարցերի կոնսուլտատիվ հանձնաժողովի (ԲԵԿՀ) 85-րդ նստաշրջանի նիստում:
Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը «հաշված օրերի ընթացքում» ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծ կներկայացնի նախագահին, իսկ հետո փաստաթուղթը կներկայացվի Դաշնային ժողովի քննարկմանը: Բաց երկնքի պայմանագիրը (ԲԵՊ, The Treaty on Open Skies) ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից:
Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 26-ին, ներկայում դրա մասնակիցներ են հանդիսանում 34 երկրներ: Նրանք կարող են միմյանց տարածքների շուրջ թռիչքներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Մոսկվան հնարավոր է համարել իր վերադարձը համաձայնագրին, եթե նույն բանն անի Վաշինգտոնը։