«Այսօր կենտրոն է դիմել Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Ըստ հաղորդման՝ առայսօր քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3600 քաղաքացի, որից ավելի քան 800-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։
Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։
Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։