«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի 5-րդ օրն անցկացրեց Տավուշի մարզում: Կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում անդրադարձավ ոչ բռնի, բայց պողպատյա, ժողովրդական հեղափոխության իրականացման անհրաժեշտությանը, որով նախատեսվում է հաստատել իրավունքի և օրենքի դիկտատուրա:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար — Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը, մենք այդ կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել: Եթե պետք լինի, կանենք այնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացած, խոնարվեն սեփական ժողովրդի առաջ: Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, քաղաքացին և դուք պետք է խոնարհ ծառայեք նրանց: Հայաստանում մեկնարկել և ծավալվել է ոչ բռնի, բայց պողպատյա, ժողովրդական հեղափոխություն:
Դիլիջանից Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց Բերդ քաղաք՝ ճանապարհին կանգառներ ունենալով Հաղարծինում և Չինչին համայնքներում: Նախատեսված երկրորդ կանգառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջնորդը մանրամասներ ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:
Նիկոլ Փաշինյան — Այնտեղ թեմա է եղել՝ կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են: Կային մարդիկ, որոնք ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է: Շատ կարևոր է իմանալ, թե այդ թեման որտեղից է ծագել և, ընդհանրապես, գոյություն ունի: Կա անկլավների հետ կապված հարցերի լուծման ձև, այն իրավիճակը, որ արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են: Մենք էլ Արծվաշեն ունենք, մեր տրամաբանությունն այն է, որ դրանք պետք է փոխանակվեն, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեզ, իրենցը՝ իրենց հսկողության տակ: Տավուշի մարզից մի քանի տասնյակ վարելահողեր գտնվում են իրենց տիրապետության տակ, մենք էլ այդ թեման ենք բերել:
Շարունակելով սահմանների և անվտանգության թեման՝ Փաշինյանը նշեց՝ իրենց իշխանությունը գնալու է Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դեմարկացված պետական սահման՝ նշանակում է միջազգայնորեն երաշխավորված անվտանգություն: «Քաղաքացիական պայամանագրի» անդամները, Բերդավան ուղևորվելու ճանապարհին, բնակիչների հետ կարճատև զրույցներ ունեցան Այգեհովիտում, Սարիգյուղում, Կիրանցում և Ոսկեպարում: Բերդավանում Նիկոլ Փաշինյանը շարունակեց հրադադարի հայտարարության թեման:
Նիկոլ Փաշինյան — Պայքարել ենք մինչև այն կետը, որտեղ իմաստ ուներ պայքարել: Ուզում եմ, որ դուք սրա մասին շատ լավ և հստակ իմանաք: Չեմ կարող ասել, որ ուրախ եմ, որ այդ պատասխանատվությունը վերցրել եմ, բայց այդ քայլի արդյունքում տասնյակ հազարավոր կյանքեր ենք փրկել:
Փաշինյանը խոսեց նաև իր և Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին: Նա նշեց՝ Գլխավոր շտաբի նախկին պետին վստահել է հարազատ եղբոր նման և ոչ մի անազնիվ բան չի արել իրենց հարաբերություններում, իսկ վերջինիս հրաժարականի վերաբերյալ որոշումը կայացրել է միայն Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո:
Նիկոլ Փաշինյան — Իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Հուլիսին ԱԱԾ-ն ասաց, որ ինքն ինձ սխալ բան է զեկուցել, ինքն էլ ասաց՝ բացառված է, ես էլ ասացի, որ ես քեզ եմ հավատում, այդպես եղել է մինչև պատերազմի ավարտը: Պատերազմի ընթացքում էլ եղել են դրվագներ, մենք եկել ենք այն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով պետք է լսեմ միայն իր ասածը: Ես համաձայնել եմ դրա հետ, որովհետև ինքն է Զինված ուժերի անմիջական ղեկավարը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի հերթական օրն ամփոփեց Տավուշի մարզկենտրոն Իջևանում: