Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների ԱԳ նախարարների նիստի ժամանակ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված նոր իրողությանը, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին գրում է haqqin.az-ը:
Նա նշել է, որ զինված հակամարտության ավարտից հետո «Ադրբեջանը թևակոխել է հետպատերազմյան վերականգնման, վերակառուցման և ինտեգրման փուլ»:
«Հետպատերազմյան շրջանում խաղաղության, վերականգնման և վերակառուցման, ներքին տեղահանված անձանց վերադարձի ապահովման ուղղությամբ գործողությունների շարունակումը բացարձակ առաջնահերթություն է երկրի համար »,-ասել է Բայրամովը:
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ հակամարտության կարգավորումը բացում է նաև տարածաշրջանային համագործակցության, զարգացման և առաջընթացի նոր հեռանկարներ.«2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը լրացվել է Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացում: Այս միջոցառումների իրականացումը էապես կփոխի Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանի մի կարևոր մասի ՝ Հարավային Կովկասի լանդշաֆտը: Զանգեզուրի միջանցքը, որը նոր կապ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, կծառայի առկա առևտրային և տրանսպորտային կապերին, և գրեթե երեսուն տարի անց Նախիջևանի էքսկլավը կկապի Ադրբեջանի հետ»:
Երկրի արտգործնախարարության ղեկավարը նաև ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկկողմ քննարկումներ սկսել սահմանազատման և սահմանագծման հետ կապված:
Բայրամովն ասել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար այս հիմքով բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա. «Երկու կողմերի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության հետևողական իրականացման միջոցով նման հարաբերություններ հաստատելու աննախադեպ հնարավորություն կա»:
«Մենք առաջարկում ենք Հայաստանին սկսել երկկողմ քննարկումներ՝ կապված սահմանի սահմանազատման և գծանշման հետ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին…Վերջապես, Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ և տրամադրի ականապատ դաշտերի քարտեզներ` մարդկային էլ ավելի տառապանքներից խուսափելու համար»,-ասել է Բայրամովը: