2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 14-ին Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով, որի ընթացքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, հարակից անտառից դեպի Մարց գյուղ տանող ճանապարհին նկատել են «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանների օրինական պահանջին և շարունակել է ընթացքը:
Ոստիկանները, իրացնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ոստիկանական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան՝ շարունակելով պահանջել կանգնեցնել այն, ինչին ի պատասխան` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շարունակել է արագ երթևեկել և Մարց գյուղից դեպի Լորուտ գյուղ տանող ճանապարհահատվածում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Ոստիկանության ծառայողները փորձել են օգնություն ցուցաբերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք անձանց, որոնցից երկուսը չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայի սրահից, իսկ երրորդը կարողացել է իր ուժերով դուրս գալ:
Այդ ընթացքում դեպքի վայրին են մոտեցել հարակից գյուղերի բնակիչներ և մեկ այլ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենա. հավաքվածները, քաշքշելով և հայհոյելով, հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով վերջիններիս, ինչպես նաև կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանները կապի միջոցով օգնության են կանչել հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներին: Վերջիններս ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով շտապել են դեպքի վայր, սակայն ճանապարհին ավտոմեքենան խափանվել է, ինչի պատճառով դեպքի վայր են հասել այլ ավտոմեքենայով, իսկ երբ վերադարձել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի մոտ, այն հայտնաբերել են հրկիզված վիճակում:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահաց անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ է, մյուսը՝ Վանաձոր քաղաքի, իսկ երրորդ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված երրորդ անձի, միջադեպին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: