Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին Արցախում իսրայելցի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին Իրանի պնդումներն անվանել է «մեծ հիմարություն» և «երևակայություն» որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, որովհետև եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասին, կան և՛ ռուսներ, և՛ թուրքեր (զինվորականներ): Այնպես որ կարծում եմ՝ երբ նրանք ինչ-որ երևակայություններ են ունենում, կարող են ասել, այնտեղ գուցե մարսեցիներ էլ կան», — լրագրողներին ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», — ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:
Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը: