ՄԻՊ գրասենյակում զարմացած են, որ պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է Թաթոյանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը

ՄԻՊ գրասենյակում զարմացած են, որ պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է Թաթոյանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը

ՀՀ ՄԻՊ գրասենյակի Հանրային կապերի բաժինն արձագանքել է Պաշտպանության նախարարության գնահատականներին՝ Արման Թաթոյանի հայտարարության վերաբերյալ։

Պատասխան հայտարարությունում ասվում է․

«1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:

2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

3. Թեման համարում ենք փակված:

Հարգանքով՝ Հանրային կապերի բաժին»։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։

Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial