Անհայտ անձինք քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա

Անհայտ անձինք քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա

Հոկտեմբերի 23-ին անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել է էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար, ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»:

Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև հիշեցնում է հնարավոր քրեական պատասխանատվության մասին, որը կարող են կրել քաղաքացիները, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղևորների կյանքին ու առողջությանը։

Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial