ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիան, գրում է NEWS.ru-ն:
Ըստ քաղաքական գործչի՝ խոսքն այս դեպքում առաջին հերթին Ռուսաստանի արձագանքի մասին է. Մոսկվան պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ստուգի հայ զինվորականների շրջանում մեծածավալ կորուստների մասին տեղեկատվությունը և Գյումրիի ռուսական բազան բերի մարտական պատրաստության, ինչը միանգամայն բնական արձագանք է իրավիճակի սրմանը։ Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ սրումը հնարավոր կլինի կասեցնել դիվանագիտական ճանապարհով։
Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ռազմական գործողությունները չբորբոքվեն. Ռուսաստանի Դաշնությանը շահեկան է Կովկասի այս հատվածում խաղաղությունը։ Առջևում Պուտինի և Էրդողանի հանդիպումն է, կարծում եմ՝ նրանք կքննարկեն այդ հարցերը»,- եզրափակել է Զատուլինը։
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։