Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որում անդրադարձ է արվել արտաքին քաղաքականությանը։ Արայիկ Հարությունյանի ուղերձում ասվում է․«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Ավելին, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Հետևաբար, առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:
Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ: Տվյալ պարագայում, ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար, և վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ: Սեփական տեսակը պահպանելու համար պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այդուհանդերձ, մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները:
Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը»: