ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ու տուժածների ինքնություններն արդեն հայտնի են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.) մահացել են:
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Հիշեցնենք, որ որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վթարված «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը եղել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը սպասարկող մեքենան։ Ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող։