Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին՝ ժամը 10։15-ից ժամը 10։23-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
«Ադրբեջանի ՊՆ՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի Հանրապետության օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ։
***
Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
***
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: