Բոլոր ուշադիր քաղաքացիները տեսնում են, թե ովքեր, որտեղից և ինչպես են փորձում Հայաստանում ցնցումներ իրականացնել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող ակցիաներին։
«Ուզում եմ ասել, որ դեռևս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել, շաբաթվա սկզբին էր, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, նաև բռնության կոչերի, սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով, այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված և կալանավորված անձինք կան։ ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ մի նրբության կա․ «Մենք պետք է մեր ուշադրությունից դուրս չթողնենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը ՀՀ իրավապահ մարմիններին ստիպելն է կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք օրինակ ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ընդհուպ ամենատարբեր զարգացումներ լինեն։ Հիշում եք, չէ՞, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում, ընդամենը յոթ-ութ օր առաջ կամ տասը օր առաջ»։
Ըստ վարչապետի՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այսօր, ինչպես տարիներ առաջ՝ իննսունյոթ-ութ թվականից, Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործվում է ներքաղաքական ինտրիգների համար։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, այս ամենին աձագանքելու են շատ կոշտ․ «Ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի կոշտ և օպերատիվ արձագանք են ուզում, լինելու է կո՛շտ, և՛ օպերատիվ արձագանք»։
Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։
«Բայց մենք մեր հայրենակիցներին սիրում ենք, նույնիսկ նրանց, ովքեր մեզ հայհոյում են, մենք չենք կարող ատելության տարափ լցնել մարդկանց գլխին, չենք կարող։ Իրավապահ համակարգն իր տեղում է, իրավակարգը գործում է, ձերբակալություններն են ընթանում, կշարունակեն տեղի ունենալ ձերբակալություններ, շատ կարևոր է, որ մեղավորները կրեն պատասխանատվություն, բայց թացը չորին չի խառնվի, այսինքն՝ այս խառը վիճակում կարող են լինել նաև մարդիկ, որոնք հետագայում կպարզվի, որ նրանց արարքներում հանցակազմ չկա, բնականաբար նրանց հետագա իրավական պատասխանատվության ենթարկելու ոչ մի քայլ չի ձեռնարկվի»,- ասաց նա։