Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրակեն պետական շենքեր մտնող ցուցարարների վրա

Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրակեն պետական շենքեր մտնող ցուցարարների վրա

Հայաստանը չէր կարող մտնել պատերազմի մեջ, դա ակնհայտ է. Հայաստանի զինված ուժերը դեռ պետք է անցնեն ճանապարհ, որ Հայաստանի սահմանները դարձնեն անառիկ: Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայաստանը չմտավ ռազմական գործողությունների մեջ՝ փորձելով պաշտպանել Արցախի 120 հազար հայերին:

Անդրադառնալով Երեւանում ընդդիմության գործողություններին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Արցախում ծանր իրավիճակ է առաջացել, իսկ Երևանի փողոցներում բոլորը փորձում են լուծել իշխանության խնդիր։ Տեսնում եք՝ ինչքան երիտասարդություն կա, ենթադրում եմ, մեծ մասը ծնունդով Արցախից… բայց ծանրությունը իրենց վրա տարել են Արցախում ապրող մեր հայրենակիցները։

Հիմա շատ ազնիվ կլիներ, որպեսզի գոնե Երևանի փողոցներում կանգնած այս երիտասարդությունը մասնակից լինի մեր Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանը։ Օրինակ, սկսած, որ մեր պահեստազորի ձևավորման պրոցեսներ է տանում Զինված ուժերը, 25-օրյա հավաքներ է անում, լայնածավալ ռազմական ինժեներական աշխատանքներ են գնում, որտեղ օտարներն են աշխատում մեր փոխարեն։ Ես հիմա այդ օտարներին համարում մեզ ավելի հայրենակից, նույն մեր հնդիկ եղբայրները», — ասաց նա՝ նկատելով, որ Երեւանի փողոցներում ընթացող պրոցեսները կառավարվում էեն նույնիսկ Մարգարիտա Սիմոնյանի կողմից:

«Մարգարիտա Սիմոնյանը եւ անհասկանալի, օտար ափերում կայացած ինչ-որ գործիչներ հիբրիդային պատերազմը տեղափոխել են Հայաստան՝ իշխանության խնդիր լուծելու: Հիմա հարց է առաջանում. Սպասում էինք, որ Եվլախում սկսեն գործընթացները, ընդ որում, ոչ Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի Երեւանում լուծենք իշխանության խնդի՞ր»,-հավելեց ՔՊ-ական պատգամավորը:

Նա անդրադարձավ նաեւ երեւանյան հանրահավաքներին եւ ժողովրդավարությանը. «Այսպիսի ժողովրդավարություն ոչ մի տեղ չեք գտնի, երբ ոստիկաններին քարով խփում են, հետո ոստիկաններն ասում են՝ մի խփեք, ասում են՝ ո՞նց, բա ժողովրդավարությունը, բա մենք իրավունք չունե՞նք քարով խփնեք: Չէ, չունեն»:

Դիտարկմանը, որ նրանք դեռ շենքեր չեն մտել, ինչպես 2018-ին գործող իշխանությունը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ախ, մնում էր շենքեր մտնեին: 2018-ին իշխանությունը թող կարողանար իրեն պաշտպանել, ինչո՞ւ չկարողացավ: Իշխանությունը պետք է կարողանա իրեն եւ պետությունը պաշտպանել: Դրա համար կառույցներ կան»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նման զարգացման դեպքում իշխանությունը կրակի ցուցարարների վրա, նա ասաց. «Ես ասում եմ՝ պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո: Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասությունների մեջ է մտնում նաեւ շենքերի պաշտպանությունը»:

Շշտող հարցին՝ այդ թվում կրակելո՞վ, ՔՊ-ական գործիչը դրական պատասխան տվեց. «Իհարկե»:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial