Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը խնդրում է միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ-ի հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա ասել է իր տեսաուղերձում:
«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է: Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է ապրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ձեռքով շատ հայեր անասելի սարսափներ են ապրում՝ մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, սով և մեկուսացում: Նրանք նույն հայերն են, որոնց արմատները խորն են այն հողում, որը նրանք տուն են անվանել շատ սերունդների ընթացքում:
Ես խնդրում եմ միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա: