Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100,417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21․043 տրանսպորտային միջոց։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հաշվառում է ստացել 81,139 անձ, իսկ 32,200 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։
Վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 1852 անձ, Արարատի մարզում՝ 7640, Արմավիրի մարզում՝ 3009, Գեղարքունիքի մարզում՝ 2862, Լոռու մարզում՝ 1581, Կոտայքի մարզում՝ 8289, Շիրակի մարզում՝ 1317, Սյունիքի մարզում 2244, Վայոց Ձորի մարզում՝ 1700, Տավուշի մարզում՝ 1706։
Նազելի Բաղդասարյանը նաև հայտնեց, որ նախօրեին Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերն անց վերադարձել են Գորիս։ Երկու օրում 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ, ինչի արդյունքում 2900 անձ՝ հիմանականում ծերեր, միայնակ անձինք ու խոցելի խավի ներկայացուցիչներ, տեղափոխվել են Գորիսի և Վայքի կենտրոններ։