Նոյեմբերի 2-ին, ժամը 04.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Պտղնի գյուղի վարչական տարածքի ակումբներից մեկի մոտ, ծեծկռտուք է, դանակահարված քաղաքացի կա, և ահազանգը փոխանցվել է շտապօգնություն:
Րոպեներ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից էին հայտնել, որ շտապօգնության խումբը Պտղնիի վարչական տարածքից բուժօգնության է տեղափոխել 36-ամյա երիտասարդի: Հաջորդ հաղորդումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր. շտապօգնության խումբը նույն վայրից կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխել 39-ամյա տղամարդու:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի և Երևան քաղաքի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 2-ի ժամը 04.00-ի սահմաններում Պտղնի գյուղի դիսկո ակումբում մի խումբ տղամարդկանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ Պտղնի գյուղի 30-ամյա բնակիչը դանակահարել էր 39-ամյա տղամարդուն:
Դեպքի վայրի հարակից հատվածում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են «Մակարով» օդաճնշիչ ատրճանակ:
30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: