«Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Երեկվանից անցումը թույլատրված էր միայն մարդատար մեքենաների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով, պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Վրաստանի իշխանությունները աշխատում են Քվեշեթի-Կոբին՝ Կոբի-Գուդաուրիի ամենաբարդ և վտանգավոր հատվածը շրջանցող ճանապարհի կառուցման ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։