Պարզվել են զինծառայողի սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ. ձերբակալված զինծառայողը կալանավորվել է

Պարզվել են զինծառայողի սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ. ձերբակալված զինծառայողը կալանավորվել է

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2024 թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

«Մասնավորապես քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։

Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial