Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնի ինքնիշխան պետության՝ իր արտաքին քաղաքական կուրսը որոշելու իրավունքը, ինչը կիրառելի է նաև Հավաքական անվտանգության կազմակերպության աշխատանքի դեպքում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից:
«Միևնույն ժամանակ Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի թեմաներով Հայաստանի ղեկավարության ապակառուցողական և վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունից, որն այսօր պարտադրվում է հայ հասարակությանը», — հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսում Փաշինյանն ասել էր, որ մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել ենք մեր գործունեությունը:
«Դա նշանակում է մենք նիստերին չենք մասնակցում, մենք ներկայացուցիչ չունենք: Հարց չի ծագում, թե ինչո՞ւ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չունի, ինչո՞ւ չենք օգտագործում մեր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելուն, ինչո՞ւ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ մեր գործընկերները պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, թող ցույց տան թե իրենց պատկերացրած ՀՀ ինքիշխան տարածքը որն է:
«ՀԱՊԿ-ը ցույց չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին և պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- ասել է նա: