TikTok-ը հերքել է լուրերն այն մասին, որ Չինաստանը դիտարկում է սոցցանցի ամերիկյան ստորաբաժանումը ձեռնարկատեր Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը։
«Դուք չպետք է ակնկալեք, որ մենք մեկնաբանենք դատարկ շահարկումները», — Variety-ի փոխանցմամբ ասել է TikTok-ի ներկայացուցիչներից մեկը ՝ այդպիսով հերքելով Bloomberg-ի տեղեկությունը Մասկի կողմից սոցցանցի ամերիկյան ստորաբաժանման նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու մասին:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ քանի որ մոտենում է սոցիալական հարթակի վաճառքի վերջնաժամկետը, չինացի պաշտոնյաները սկսել են քննարկել գործողությունների ծրագրերը, որոնցից մեկը ներառում է ընկերության ամերիկյան գործառնությունները Մասկին վաճառելը։
Չինական ByteDance ընկերությունը կամ պետք է վաճառի սոցիալական ցանցը, կամ դադարեցնի իր գործունեությունը ԱՄՆ-ում մինչև հունվարի 19-ը։ Պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից անցած տարի ընդունված օրենքը՝ համապատասխան դրույթներով։