ԱԱԾ-ն բացահայտել է ՊՆ գնդապետի կոռուպցիոն գործարքների առնվազն 7 դրվագ

ԱԱԾ-ն բացահայտել է ՊՆ գնդապետի կոռուպցիոն գործարքների առնվազն 7 դրվագ

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտպանության նախարարության գնդապետի կոռուպցիոն գործարքների, այս պահի դրությամբ՝ առնվազն 7 դրվագ: Հրապարակված նյութերի շարքում ամենախոշոր գումարը, որ նա պահանջել-ստացել է միջնորդության համար 10 հազար դոլար կաշառքն է՝ ձմեռային այս զորակոչին բանակ գնացող մի երիտասարդի ծառայությունը ցանկալի վայրում կազմակերպելու համար: Գործարքի ամսաթիվ է նշվում՝ դեկտեմբերի 17-ը:

Հունվարի 6-ին՝ մեկ այլ զինծառայողի հորից՝ բանակի բարձրաստիճան նույն պաշտոնյան 1 մլն դրամ է ուզել տղայի զորամասն առանց որևէ հիմքի փոխելու համար: Գումարը ստացել է 350 և 650 հազար դրամ փոխանցումներով՝ Աջարաբեթի իր օգտահաշվին:

Բուքմեքերական ընկերության անձնական հաշվին է գնդապետը ստացել նաև սեպտեմբերին մեկ այլ զինծառայողի մորից պահանջած առանձնապես խոշոր չափի՝ 975 հազար դրամից ավելի գումարը՝ որդուն, դարձյալ առանց բավարար հիմքերի, նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար:

Այս ամենը՝ դեռ խաղաղ պայմաններում: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նույնիսկ պատերազմի օրերին, ռազմական դրության ժամանակ է փողով գործեր դասավորել: Զորահավաքով ծառայության կանչված և դեռևս Հայաստանում գտնվող երիտասարդի Արցախ ուղարկելը կանխելու համար նրա ծնողներից 2.5 հազար դոլար կաշառք է պահանջել, գումարի հիմնական մասը ստացել նույն օրը:

Մեկ այլ դեպք. անձնական շահագրգռվածությունից ելնելով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը՝ գնդապետը հոկտեմբերի 22-ին հրամատարության միջոցով կազմակերպել և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալից Երևան է վերադարձրել մի զինծառայողի: Որից հետո 300 հազար դրամ կաշառքի դիմաց դասավորել է, որ նույն զինվորը հետագա ծառայությունը շարունակի Սյունիքի մարզում տեղակայված, մարտական ծառայություն չիրականացնող, թիկունքային աշխատանքներ կատարող զորամասում:

Ընկերոջ խնդրանքով էլ՝ հոկտեմբերի 13-ին ծանոթ սպաների միջոցով կազմակերպել է Արցախում գտնվող զորամասից զորահավաքային մեկ այլ զինծառայողի վերադարձը Երևան: Հետո իմանալով՝ նրա անունը ներառված է զորամասն ինքնակամ լքածների ցուցակում, միջնորդել է նույն զորամասի սպաներից մեկին, որ չեղարկի փախուստը և դասալիք երիտասարդին նշանակի նույն զորամասի թիկունքային ծառայություններում, ինչը և կատարվել է:

Մեկ այլ դրվագով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձանց և հաջողացրել զորակոչային ցուցակներից հանել ծանոթների ծանուցագիր ստացած որդիներին:

Կաշառակեր գնդապետը հաջողոությամբ գլուխ է բերել նաև մեկ այլ ծանոթից ստացած խնդրանքը, այն է՝ առաջնագիծ չուղարկել Լուսակերտում ժամկետային զինվորական ծառայություն անցնող որդուն: Ճշտել-պարզել է, որ նման հրաման չկա, բայց խաբեությամբ գումար հափշտակելու նպատակով հարցն իբրև թե լուծելու պատրվակով դեկտեմբերի 17-ին 200 հազար դրամ է վերցրել:

Գումարային գործարքներից բացի, ԱԱԾ-ի բացահայտած անձը պաշտոնեական դիրքն ու իր կապերն օգտագործելով՝ մի մարդու էլ աշխատանքի է տեղավորել զինվորական հոսպիտալում: Գործի ու նրա սպայական կոչում շնորհելը կազմակերպելու համար պահանջել մոտ 1 մլն 400 հազար դրամ:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական ապացույցներ՝ նույն անձի կողմից պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Գնդապետը բերման է ենթարկվել: Հարցաքննվել-ձերբակալվել են հանցագործությունները կատարելիս նրան աջակցած մոտ մեկ տասնյակ անձինք: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ոչ միայն քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր այլև՝ տարբեր տեսակի ռազմամթերք:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial